Ալեն Սիմոնյանն այցելել է Կառավարության շենքի մոտ տուժած ոստիկաններին և քաղաքացիներին
ՀասարակությունՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է, որ քիչ առաջ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ այցելել է հիվանդանոցներ և հանդիպել վնասվածք ստացած ոստիկաններին ու որոշ քաղաքացիների, որոնք տուժել են Կառավարության շենքի մոտ այսօր տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով:
«Փառք Աստծո, որևէ մեկը ծանր վնասվածք չի ստացել, շատերն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից: Հատուկ շնորհակալություն իրենց ծառայությունն իրականացրած ոստիկաններին: Շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլորին»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության շենքի դիմաց ակցիա իրականացնող քաղաքացիների և ուժայիների միջև իրավիճակը լարվել էր։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ էին սկսվել, ուժայինները ձայնարձակող նռնակներ էին կիրառել: