Վարչապետը խոսել է ճանապարհների որակի աուդիտի անցկացման անհրաժեշտության մասին
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանապարհների որակի աուդիտի անցկացման անհրաժեշտություն է տեսնում։
Վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց կառավարության նիստում։
«Մենք խնդիր ունենք ճանապարհների որակի աուդիտի անցկացման։ Հիմա մենք կառուցում ենք ճանապարհ, ընդունում ենք այդ ճանապարհը և երբեմն, երբ ես մեքենա եմ վարում և այդ ճանապարհներով անցնում եմ, ես զգում եմ, որ այն ճանապարհը, որը կառուցվել է չորս տարի առաջ, այն վիճակում չէ, որ պետք է լիներ։ Իմ տպավորությամբ՝ ավելի վատ վիճակում է, քան պետք է լիներ։ Բայց մյուս կողմից, մենք այդ ճանապարհը ընդունել ենք, այնտեղ հորատումներ են անում և ստուգումներ, սակայն մենք չունենք այն հարցի պատասխանը, որ չորս տարի առաջ շահագործման հանձնված ճանապարհը այսօր այն վիճակում է, որը մեր չափանիշներով պետք է լի՞ներ, թե՞ ոչ։ Ճանապարհը տեղ-տեղ դեֆորմացվել է, տեղ-տեղ լրացուցիչ աշխատանքներ են արվել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի կարծիքով՝ անհրաժեշտ է ունենալ բանաձև, թե ինչ վիճակում պետք է լինի այդ ճանապարհը։