Պետական գաղտնիքի շարքին է դասվելու նաև սպառազինության գնումների պլանը
ՔաղաքականԿառավարությունը հաստատեց Պետական գաղտնիքի շարքին դասվող և զինված ուժերի կարիքների համար իրականացված գնումների մասին տեղեկությունների ցանկը։
Հարցը ներառված էր կառավարության հերթական նիստի օրակարգում։
Ըստ այդմ, պետական գաղտնիքի շարքին են դասվում ՊՆ գնման պլանը, գնման հայտը, տեխնիկական բնութագիրը, գնումների կազմակերպման գործընթացը, մատակարարում իրականացրած կամ ծառայություն մատուցած կամ աշխատանք կատարած կազմակերպությունը։
ԶՈՒ կարիքների համար իրականացված գնումների մեջ է մտնում՝ հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, հրթիռային, համազարկային կրակի ռեակտիվ, հակատանկային համալիրների, հրետանային համակարգերի և միջոցների, ականանետային համակարգերի, ռադիոլոկացիոն և հետախուզական համալիրների, օդերևութաբանական համալիրների, դրանց շահագործման համար անհրաժեշտ սարքավորումների և զոնդավորման միջոցների, հրետանային օպտիկական և հետախուզական սարքերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, ճառագայթային քիմիական նյութերի և սարքավորումների ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում, անօդաչու սարքերի և դրանց համակարգերի ձեռքբերում կամ արդիականացում կամ վերանորոգում և այլն։
Որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 28-ից: