Երևանի Արցախի փողոցի վթարային շենքերի 63 ընտանիքից 57-ի վերաբնակեցման խնդիրը լուծվել է
ՀասարակությունԵրևանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի վթարային 3 շենքում բնակվող 63 ընտանիքից 57-ի վերաբնակեցման խնդիրն արդեն կարգավորվել է։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տեղեկացրել է քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանը՝ զեկուցելով Արցախի փողոցի 4-րդ նրբանցքի չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների վերաբնակեցման ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին։
«Երեսուն ընտանիքի հատկացվել են բնակարաններ, 27 ընտանիքի՝ բնակարանի գնման վկայագրեր։ Մնացած 6 ընտանիքների հետ կա որոշ աշխատանքներ անելու խնդիր։ Վերջիններիս կողմից ներկայացվել են ոչ իրատեսական առաջարկներ։ Աշխատանքները վերջիններիս հետ շարունակվում են»,-մանրամասնել է Խաչատրյանը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է այն հանգամանքը, որ մեկ տարուց պակաս ժամկետում լուծվել է չորրորդ կարգի վթարային շենքերում բնակվող միանգամից 57 ընտանիքի խնդիրը։
Ավինյանի խոսքով՝ հաջորդ փուլում նախատեսվում է Արզումանյան փողոցի և մնացյալ չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրների լուծումը։