Երևանի քաղաքապետարանը նախատեսում է վարչական շրջաններում թենիսի կորտեր կառուցել
ՀասարակությունԵրևանի վարչական շրջանների տարածքներում թենիսի կորտերի կառուցման նպատակով համապատասխան տարածք տրամադրելու համար քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության կողմից շրջաբերական է առաքվել վարչական շրջանների ղեկավարներին, այս մասին Երևանի քաղաքապետարանի հունվարի 29-ի գործակարգավարական խորհրդակցությանը տեղեկացրել է Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ հավելելով, որ Արաբկիր և Շենգավիթ վարչական շրջաններն արդեն ներկայացրել են հստակ տարածքներ։
«Մնացյալ մասով դեռևս ընթանում են քննարկումներ՝ տարածքի համապատասխան ընտրության ուղղությամբ։ Միաժամանակ հայտնում եմ, որ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում արդեն իսկ ընթանում են կորտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթեր պատվիրելու նպատակով մրցույթ հայտարարելու համար տեխնիկական առաջադրանքի կազմման աշխատանքներ»,-հավելել է Գեղամյանը։