Հայտնվել ենք նույն տաշտակի առաջ, որի դեմ պայքարեցինք 2018-ին. Հայկ Մարության
ՔաղաքականԱյն բոլոր երազանքները և նպատակները, որ մենք դրել էինք 2018 թվականին, շատ արագ հօդս ցնդեցին և մենք նորից նույն տաշտակի առաջ ենք հայտնվել, նորից պայքար ենք մղում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, Երևանի քաղաքապետարանում Օղակաձև այգու 4-րդ գոտու ճակատագրի վերաբերյալ հանրային լսումներին հայտարարեց Երևանի ավագանու անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը։
Ըստ նրա՝ «նորից հավաքվել ենք և զբաղվում ենք այն խնդիրներով, ինչի համար 2018-ին հավաքվել էինք ու հեղափոխություն էինք իրականացնում և թվում էր՝ խնդիրները քայլ առ քայլ կսկսեն ուղղվել»։
Նախկին քաղաքապետի խոսքով՝ «Օղակաձև» այգին իրենից ներկայացնում է 6 հատված, որոնք թեև առանձին են, բայց ամբողջություն են և չի կարելի ամեն հատվածը դիտարկել առանձին-առանձին։
«Սա հատուկ կառուցված այգի է, մեր քաղաքի պաշտպանիչ օղակն է և մեր քաղաքի թոքերը: Ցավում եմ, որ տասնյակ տարիներ այդ թոքերը թոքախտով են հիվանդացել եւ քաղցկեղի են մոտենում: Բայց մենք հասել ենք մի կետի, որտեղ այլեւս չի կարելի թույլ տալ անգամ մեկ քմ կանաչ տարածք խլել երևանցուց»,- նշեց նա։