12-ամյա տղան ընդունվել է ամենախելացիների ակումբ
ԱյլՄեծ Բրիտանիայի 12-ամյա բնակիչն ընդունվել է Մենսա կազմակերպություն, որին անվանում են «աշխարհի ամենախելացի մարդկանց ակումբ»։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Սաութ Յորքշիր կոմսության Շեֆիլդ քաղաքից դպրոցական Սայրուս Լյունն անցել է Մենսայի IQ թեստը՝ 162 հնարավոր միավորից հավաքելով 160 միավոր։ Ենթադրվում է, որ հարաբերականության տեսության հեղինակ Ալբերտ Էյնշտեյնը և հայտնի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգն ունեցել են նույն մակարդակի ինտելեկտ։
Լյունը սիրում է դաշնամուր նվագել և ցանկանում է ապագայում մաթեմատիկոս դառնալ։ Նա նշել է, որ շատ հպարտ է, որ իրեն հաջողվել է այդքան բարձր միավոր վաստակել։ Տղայի հայրը՝ Ֆրենկ Լյունը, առաջարկել է որդուն միանալ Մենսային, որպեսզի կարողանա գտնել նմանատիպ հետաքրքրություններ ունեցող ընկերներ:
Ֆրենկը նաև պատմել է, որ իր որդին շատ անհանգիստ է եղել թեստն անցնելուց առաջ։ «Նա շատ հուզված էր, երբ ստացավ արդյունքները, քանի որ չէր սպասում, որ այդքան բարձր միավորներ կհավաքի», - ասել է Լյուն ավագը: