Երևանում նախատեսվող համայնքային ոստիկանությունը նոր լիազորություններ կունենա
ՀասարակությունԵրևանի համայնքային ոստիկանության ստեղծման վերաբերյալ նախագծով առաջարկվում է այդ ծառայության համար սահմանել մի շարք նոր լիազորություններ, որոնց իրականացման արդյունքում համայնքում տարբեր իրավախախտումների և ապօրինությունների դեմ պայքարն ավելի արդյունավետ կիրականացվի։
Այս մասին Երևանի քաղաքապետարանի փետրվարի 5-ի գործակարգավարական խորհրդակցությանն ասել է Իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանը։
«Մասնավորապես՝ մեր կողմից առաջարկվում է ներդնել իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող հողամասերում ինքնակամ շինությունների քանդման և հետևանքների վերացմանն ուղղված մեխանիզմներ, տնտեսվարողների որոշակի գործունեության դադարեցման հնարավորություններ և մի շարք այլ կարգավորումներ»,-մանրամասնել է Մարգարյանը՝ հավաստիացնելով, որ նախագիծը հնարավորին սեղմ ժամկետում կդրվի շրջանառության մեջ, որի ընդունման արդյունքում նշված բնագավառն էապես կբարելավվի։