Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ. ՔԿ
ԻրավունքԵրևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին, շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ, քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։
Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի արդյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի։