Գրիգոր Մինասյանն աշխատանքային այց է կատարել «Արմավիր» ՔԿՀ
ՔաղաքականԱրդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, պատգամավորներ Դավիթ Առուշանյանը և Միքայել Թումասյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ, շրջայց են կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:
Նախարարը նախ ծանոթացել է հանձնուքների համար նախատեսված սրահի պայմաններին, զրուցել է քաղաքացիների հետ, լսել վերջիններիս առաջարկություններն ու դժգոհությունները:
Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև «Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխման համակարգին, պատժախցերի, երկարատև, կարճատև տեսակցության սենյակների պահման պայմաններին, վերանորոգված գրադարանին, փաստաբան-վստահորդ տեսակապի ապահովման սենյակին, ինչպես նաև ՔԿՀ-ում առկա տեսահսկման սարքավորումներին ու դրանց աշխատանքին:
Նախարարը կարևորել է քրեակատարողական հիմնարկում պատշաճ և որակյալ շինարարական աշխատանքների կազմակերպումը։ Այս ուղղությամբ մի շարք հանձնարարականներ են տրվել:
Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել նաև քրեակատարողական հիմնարկում կազմակերպված՝ Պարույր Սևակի 100 ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր հիմնարկում գործող Ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների կողմից:
Միջոցառմանը մասնակցել են նաև Պարույր Սևակի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանների տնօրեններն ու այլ հյուրեր: