Կայացրել ենք եզակի որոշում․ Փաշինյան
Քաղաքական«Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում շատ երկար ժամանակ մի պրոբլեմ գոյություն ունի, շատ խառը մի պատմություն․ գյուղի երկու բնակիչներ վարկ են վերցրել, և գործնականում ամբողջ գյուղին դարձրել են վարկի երաշխավորներ»,- այսօր Կառավարության հերթական նիստի ընթացքում նման հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թեմայի վերաբերյալ իր խոսքը շարունակելով՝ մանրամասնել․
«Վարկերը չեն փակել ու ամբողջ գյուղը հայտնվել է «սև ցուցակ»-ում, չեն կարողանում ո՛չ վարկ վերցնել, ո՛չ մի բան։ Իհարկե, այս փաստի հետ կապված քրեական գործ կա հարուցված, բայց մենք այս թեմայի հետ մի քանի անգամ առնչվել ենք ու ամեն անգամ մտածում էինք՝ ինչպես դուրս գանք այս իրավիճակից։ Ես այս թեմային ծանոթացել եմ դեռ այն ժամանակներում, երբ ԱԺ պատգամավոր էի, և հիմա, ի վերջո հասկանալով, որ լուծման այլ տարբերակ չի լինելու՝ կայացրել ենք եզակի որոշում»։
Փաշինյանի փոխանցմամբ՝ պետական բյուջեից 65,7 միլիոն դրամ է հատկացվելու այդ գյուղի այն բնակիչներին, ովքեր երաշխավոր են դարձել. նրանց վարկային պատմությունը զրոյացվելու է․
«Մեր գործելակերպը պետք է լինի քաղաքացիների ֆինանսական գրագիտությունը հնարավորինս մեծացնելը, որպեսզի նրանք այսպիսի պատմությունների մեջ չընկնեն»,- նման հորդորով հանդես եկավ վարչապետը՝ ամփոփելով խնդրի մասին իր դիտարկումները։