Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ինքն իրեն համարում է ալավ նախարար (այդ մասին նա ասել էր լրագրողների հետ զրույցում դեռ հունիսին), սակայն կյանքը ցույց է տալիս, որ նա, այսպես ասած, «թերի է աշխատում»։ Եվ դրանում համոզվում ենք գրեթե ամեն օր:
MediaHub-ն այսօր գրել էր, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից այն մասին, որ պետպատվերի տեղերը մի շարք հիվանդությունների գծով արդեն շուրջ երկու ամիս է սպառվել են և քաղաքացիները կանգնել են լուրջ խնդրի առջև:
Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացին տեղեկացրեց, որ երկու ամիս է, ինչ քաղաքացիները չեն կարողանում պետպատվերով գրանցվել «KT» «MRT» հետազոտություն անցնելու համար, ընդ որում՝ խոսքը երևանյան բոլոր բժշկական կենտրոնների մասին է, ոչ մի տեղ չեն գրանցում։
Ստացվում է՝ այն քաղաքացիներն, որոնք հետազոտությունները պետք է անցնեն աշնանը կամ ձմռանը կանգնում են փաստի առաջ՝ կա՛մ վճարիր 100 000 դրամ, կա՛մ ոչնչով չենք կարող օգնել։
Քաղաքացիներին անհանգստացնող հարցի շուրջ MediaHub-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։ Վերջինիս համար այս իրավիճակը, ցավոք, կանխատեսելի էր.
«Երբ ունենում ես անսխալականության սինդրոմ ունեցող, ձևը բովանդակությունից կարևորող համակարգ, դու ունենում ես այսպիսի խնդիրներ։ Երբ ի սկզբանե հայտարարում են, որ այլևս բոլորն ազատ են, այլևս սահմանափակումներ չկան, երկու հատ ծափ ու լայք են հավաքում ու սկսում են այլևս չհամակարգել, որ ամբողջ տարվա ընթացքում մարդիկ հերթագրումների խնդրին չբախվեն, բյուջեի ճշգրիտ պլանավորում չեն անում, հետազոտությունների ճշգրիտ հաշվարկ չեն անում, խմբերի չեն առանձնացնում, բնականաբար, գալիս է պահ, երբ բյուջեն չես ավելացնում ու բախվում ես այս խնդրին»,– նշեց Պիպոսյանը։
Կարո՞ղ էինք չունենալ խնդիրը, ըստ նրա՝ այո՛, իսկ թե ինչպե՞ս հարցին պատասխանում է՝ ընդամենը ճիշտ պլանավորմամբ։
Ի՞նչ անել, որ խնդիրը գոնե հիմա լուծվի. «Հասկանալ, որ երբ հայտարարում եք ու գլուխ եք գովում, որ աննախադեպ է, մի օր է գալու, որ աննախադեպ և նմանատիպ բառերի պատասխանատվություն պետք է կրեք։ Այսինքն՝ եթե հիմա լրացել է, պետք է պետպատվերների տեղերը հետազոտությունների ավելացնել»,- ասաց մեր զրուցակիցը։
Արդյո՞ք այդ հարցը կլուծվի հարցին, Պիպոյանը պատասխանեց՝ կախված է հանրային դժգոհության չափից.
«Առողջապահության նախարարը հիմա էլ է հասկանում, որ եթե Կառավարությունը փողը տա՝ լավ կլինի, բայց Կառավարությունը պետք է հասկանա, որ սա վատ պլանավորման հետևանքն է, Կառավարությունը փող է տալիս այն համակարգին, որը վատ է կառավարվում։ Տարվա կեսը նոր է անցել և չի կարող մի բանի պահանջարկը երկու անգամ աճի, իսկ եթե մի բանի պահանջարկը երկու անգամ աճել է առողջապահության ոլորտում, նշանակում է՝ այս ոլորտում մարդկանց առողջությունն է երկու անգամ վատացել»,– նկատեց Պիպոյանը։
Փորձագետը նշեց, որ առողջապահության համակարգն ավելի շատ փող է ծախսում չհիվանդանալու ուղղությամբ, ոչ թե հիվանդաբուժության ուղղությամբ։ Երբ հասարակության մոտ ինչ–որ հիվանդության թվի աճ է նկատվում, նշանակում է՝ համակարգը լուծումներ չի գտել։
Նկատենք նաև, որ MediaHub-ը զանգահարել է մի շարք երևանյան բժշկական կենտրոններ՝ «Էրեբունի», «Շենգավիթ» և այլ, որտեղից հաստատեցին քաղաքացիների ահազանգերը՝ հիշյալ հետազոտությունների պետպատվերով հերթագրումը մինչև տարեվերջ փակ է:
Մարիաննա Արամյան