Երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, ընկերությունը պետք է տուգանվի․ ՀԾԿՀ նախագահ
ՔաղաքականՋրի, գազի ու էլեկտրաէներգիայի շահագործման համապատասխան կանոններ կան, ամեն ինչ կանոնակարգված է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ անդրադառնալով ջրի և հոսանքի պարբերաբար անջատումներին։
«Առանց զգուշացման ջրի, հոսանքի և գազի անջատում պետք է լինի միայն այն դեպքում, եթե վթարային խնդիր է։ Այսինքն՝ ի սկզբանե հնարավոր չէր զգուշացնել, ինչպես պլանային անջատումների ժամանակ են զգուշացնում», - ասաց նա։
Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են այդ ընկերությունները տուգանվել՝ Բաղրամյանը պատասխանեց, որ տուգանքները վճարվում են սպառողներին և դա լինում է պարբերաբար։
«Այսինքն՝ մեր վարույթների արդյունքում ընկերությունը տուգանվում են միայն այն դեպքում, երբ մեր մշտադիտարկման արդյունքում տեսնում ենք, որ որևէ ընկերություն խախտել է ժամանակացույցը։ Օրինակ՝ քաղաքային բնակավայրերում էլեկտրաէներգիայի անջատումը պետք է տևի ոչ ավելի, քան 4 ժամ։ Եթե 4 ժամից ավելի է տևել, ապա տուգանվում է և տուգանքը ստանում է սպառողը։ Մեզ մոտ բոլոր ահազանգերն ուսումնասիրվում են։ Ջրի ամենաերկարատև անջատումը եղել է Արզնու ջրատարի վթարի հետևանքով», - նշեց ՀԾԿՀ հախագահը։
Դիտարկմանը, որ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում ջրի մատակարարումների երկարաժամկետ դադարեցման մասին, Բաղրամյանը պատասախանեց, որ երեք օր ջուր չունենալը կանոնների խախտում է, և ընկերությունը պետք է տուգանվի։
«Առնվազն համապատասխան ջրաքանակ պետք է ապահովվեր ցիստեռնների միջոցով, եթե դա չի արվել, ապա ընկերությունը խախտել է կանոնները։ Կարող ենք կոնկրետ դեպքով ստուգել ու հասկանալ», - հավելեց նա։