Նիկոլ Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ
ՔաղաքականՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսի հանդիպումը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, զրուցակիցներն ընդգծել են Հայաստան-Ռումինիա հարաբերությունների հետագա զարգացման կարևորությունը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցությանը:
Ռումինիայի նախագահը հայտնել է իր երկրի աջակցությունը մեր երկրի և ԵՄ-ի միջև կապերի ընդլայնման ու ամրապնդման գործում:
Նիկոլ Փաշինյանը և Կլաուս Յոհաննիսը մտքեր են փոխանակել անվտանգության հարցերի շուրջ: Այս համատեքստում Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: