23-ամյա երիտասարդը խոստովանել է, որ ինքն է Երևանում մեքենաներ հրկիզել, նա ձերբակալված է
ՀասարակությունՍեպտեմբերի 24-ին, կեսգիշերն անց, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայությունում ստացված ահազանգը հրդեհի մասին էր։ Մայրաքաղաքի Վրացական փողոցում ավտոմեքենա էր այրվում։
Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգն անմիջապես փոխանցվել է Հրշեջ փրկարարական ջոկատներին, նաև` ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Արդեն ժամը 1.17-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 45-ամյա կինը հայտնել է, որ րոպեներ առաջ անհայտ անձը հրկիզել է Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում կայանված իր «Հյունդային» և կողքի «Օպել» ու «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ տուժողի` իրեն պատճառվել էր 6 միլիոն դրամի վնաս:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.28-ին, գույքը դիտավորյալ վնասելու կասկածանքով, մայրաքաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ։ Կասկածյալը խոստովանել է, որ հրկիզողն ինքն է։ Նախաքննությունը շարունակվում է։