Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով ՀՀ ինքնիշխանությունը․ Հունաստանում ՀՀ դեսպան
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի առթիվ Աթենքում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է ընդունելություն-համերգ Հայաստանից հրավիրված «Կադանս» անսամբլի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից:
Բացման խոսքով հանդես է եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով իր ելույթում անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անկախության գործընթացին, 2020թ․ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիային և ԼՂ հայերի բռնի տեղահանությանը, տարածաշրջանում առկա իրավիճակին, Հայաստան-Հունաստան հարաբերությունների խորացման ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում նախաձեռնված քայլերին։
«Ադրբեջանը, խախտելով Մարդու իրավունքների միջազգային դատարանի որոշումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության բոլոր հոդվածները, այսօր էլ շարունակում է անտեսել մի շարք երկրների և միջազգային կազմակերպությունների կոչերը։
Եվ քանի դեռ անպատիժ են հայերի էթնիկ զտումները, հայկական մշակութային ժառանգության և տեղի բնակչության ունեցվածքի ոչնչացումը, Բաքվում 23 հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարության դեմ կեղծ դատավարությունները և անողոք ատելության խոսքը, Հայաստանի նկատմամբ ագրեսիվ ահաբեկումը կրում է շարունակական բնույթ։ Հայաստանը բազմիցս կրկնել է, որ պատրաստ է համապարփակ խաղաղության համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, սակայն դա հնարավոր չէ անել ցանկացած գնով և կասկածի տակ դնելով Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- իր ելույթում մասնավորապես նշել է դեսպանը: