Մակրոնը քննադատել է Թրամփի՝ Գազայի հատվածի մասին ծրագիրը
Աշխարհ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածը վերահսկողության տակ առնելու և պաղեստինցիներին այնտեղից վտարելու գաղափարը։ Նրա խոսքերը մեջբերում է CNN-ը։
Մակրոնն ասել է, որ Մերձավոր Արևելքի խաղաղ գործընթացը պետք է լինի «ոչ թե անշարժ գույքի գնում, այլ քաղաքական գործողություն» և հաշվի առնի պաղեստինցիների՝ սեփական պետություն ունենալու ցանկությունը։
«Գազան ինչ-որ դատարկ տարածք չէ։ Այն երկիր է, որտեղ երկու միլիոն մարդ է ապրում և ցանկանում է ապրել։ Մենք չենք կարող այս երկու միլիոնին ասել՝ «գիտեք, դուք պետք է հեռանաք»: Հիմա ճիշտ ճանապարհը խաղաղ բնակչությանը փրկելն է։ Հիմա գործող հրադադար կա, այն պետք է պահպանել։ Մենք պետք է վերսկսենք մարդասիրական գործողությունները և հնարավորինս շատ մարդկանց փրկենք»,- ասել է Մակրոնը։
