Բրազիլիայում կոստյումների արտադրամասում բռնկված հրդեհի հետևանքով՝ ավելի քան 20 մարդ է տուժել
Աշխարհ
Ռիո դե Ժանեյրոյում կառնավալային շոուների հագուստներ արտադրող գործարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով տուժել է առնվազն 21 մարդ, հաղորդում է տեղական Agencia Brasil գործակալությունը, գրում է Euromedia24-ը։
Չորեքշաբթի օրը խոշոր հրդեհ է բռնկվել քաղաքի հյուսիսային մասում գտնվող գործարանում։ Հրդեհի պահին շենքում մարդիկ են եղել, ովքեր արգելափակված են մնացել երկրորդ հարկում։
«Ընդհանուր առմամբ, հրշեջները շենքից դուրս են բերել 21 տուժածի»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ տուժածները հոսպիտալացվել են, առնվազն տասնմեկը գտնվում են ծանր վիճակում։ Շատ տուժածներ ստացել են շնչուղիների այրվածքներ։
Ռիո դե Ժանեյրոյի հրշեջ ծառայության հրամանատարի տեղակալը հայտնել է, որ հրդեհը վերահսկվում է, և որ շենքը շահագործման թույլտվություն չունի։
Հաղորդվում է, որ կարի ֆաբրիկայի ծառայություններից օգտվել են Ռիո դե Ժանեյրոյի կառնավալին մասնակցող առնվազն երեք սամբայի դպրոցներ:
