Քրիստին Լագարդը բացառել է Եվրահանձաժողովի ղեկավարի պաշտոնում իր նշանակվելու հնարավորությունը
Աշխարհ
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստին Լագարդը բացառել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավարի պաշտոնում իր նշանակվելու հնարավորությունը: Այդ մասին հունիսի 6-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Ես ԵՀ-ի ղեկավարի պաշտոնի թենածու չեմ, դրա պատճառն այն է, որ աշխատանք ունեմ: Այդ աշխատանքը ես բավականին կարևոր եմ համարում: Մեծ Բրիտանիան ժամանակին ինձ աջակցել է դրանում, ես պետք է այդ աշխատանքը կատարեմ և մտադիր եմ այն ավարտել: Ինչպես ասում է իմ կրտսեր որդին. «Մամ, երբ դու ինչ-որ բան սկսում ես, պետք է այն ավարտես»,-հայտարարել է Լագարդը՝ ելույթ ունենալով Լոնդոնում կայացած մամուլի ասուլիսում:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում նշվել է լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ, աջ կենտրոնամետ Ժան Կլոդ Յունկերը: Այդ պաշտոնում նրան աջակցելու մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Մայիսի 22-ից մինչև 25-ն անցկացված եվրոպական ընտրությունները Եվրախորհրդարանում պահպանել են եվրաինտեգրացման կողմնակից խոշորագույն կուսակցությունների՝ աջ կենտրոնամետների, սոցիալիստների ու լիբերալների առաջատարի դիրքերը: Խոշորագույն կուսակցությունն է մնացել աջ կենտրոնամետ «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը», որի ընտրական ցուցակը գլխավորել է Եվրոխմբի նախկին ղեկավար և Լյուքսեմբուրգի նախկին վարչապետ Ժան Կլոդ Յունկերը:
Լիսաբոնյան պայմանագրի համաձայն, որն ուժի մեջ է մտել 2009 թվականին, ԵՄ-ի խորհուրդը պետք է եվրոպական ընտրությունների արդյունքները հաշվի առնի Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնում թեկնածու առաջադրելիս:
Խորհրդարանականներն այդ փոփոխությունն ընդունել են որպես այն բանի ուղղակի ցուցում, որ ընտրություններում հաղթած կուսակցությունների ընտրական ցուցակների ղեկավարներն են ԵՄ-ի գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնի միակ հնարավոր թեկնածուները: Եվրախորհուրդն այդ առումով ավելի զուսպ է, բայց առայժմ պաշտոնապես չի հայտարարել, որ իրեն իրավունք է վերապահում առաջարկել այդ թեկնածուի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը