72-ժամյա նստացույց՝ Հանրապետության հրապարակի կենտրոնում (տեսանյութ)
Քաղաքական
«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամներից երեքին երկար փորձերից հետո հաջողվեց ճեղքել ոստիկանական շղթան և նստել Հանրապետության հրապարակի մեջտեղում։
Ոստիկանները նրանց ոտք ու ձեռքից բռնած դուրս բերեցին։ Շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը, ով ոստիկանական շղթան ճեղքողներից մեկն էր, հայտարարեց, որ ակտիվիստներն այդ քայլով ցույց տվեցին, որ իրենք ցանկացած պահի կարող են հեշտությամբ իրենց նստացույցը տեղափոխել հրապարակի գորգի վրա։
Այս պահին մեկ տասնյակից ավելի ակտիվիստներ և այլ քաղաքացիներ շարունակում են նստած մնալ հրապարակում՝ ոստիկանական շղթայի դիմաց։
Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ գիշերելու են Հանրապետության հրապարակում։
Քիչ առաջ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանին հորդորեց վերջ տալ քաղաքացիական անհնազանդության գործողություններին, հետևել իր խորհրդին և նստացույցն անցկացնել հրապարակի շատրվաններին հարակից տարածքում: Դավիթ Սանասարյանը մերժեց առաջարկը:
Հիշեցնենք, որ «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել այն մասին, որ իրենք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ 72-ժամյա նստացույց կիրականացնեն Երևանի Հանրապետության հրապարակի կենտրոնում: Տարածած հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.
«Նստացույցի նպատակը
Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի ելույթից անցել է 1 ամիս, սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների կողմից բողոք առաջացրած հարցը առ այսօր որեւէ կարգավորում չի ստացել: Մասնավորապես.
Միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի բոլոր տարիների գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել:
Բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն առ այսօր չի ընտրվել: Միայն այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է: Բացի այդ, ՀԾԿՀ-ն իր որոշմամբ չի ամրագրել, որ խորհրդատվական ընկերության ընտրությանը մասնակցելու են քաղաքացիները, սակայն ամրագրել է, որ ընտրության վերջնական որոշումը ընդունելու է Կառավարության աշխատակազմը:
Օգոստոսի 1-ից սակագնի բարձրացման փոխհատուցման ուղղությամբ որեւէ քայլ չի արվել, խնդիրը կարգավորող որեւէ իրավական ակտ չի ընդունվել:
Այդ պատճառով «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը որոշել է Երեւանի «Հանրապետության» հրապարակում անցկացնել 72-ժամյա նստացույց՝ կրկին առաջ բերելով բոլոր այն պահանջները, որոնք ի սկզբանե առաջադրվել էին քաղաքացիների կողմից Բաղրամյան պողոտայի ակցիաների ժամանակ: Նստացույցի նպատակն է՝ իրազեկել ՀՀ քաղաքացիներին, որ խնդիրը կարգավորելու ուղղությամբ որեւէ գործնական քայլ իշխանությունների կողմից առ այսօր չի կատարվել:
Նստացույցի անցկացման կարգը
Նստացույցը անցկացվելու է Երեւանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում:
Նստացույցի մասնակիցների թիվը առաջին 24 ժամվա ընթացքում (հուլիսի 27-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 28-ի, 18:00) չի գերազանցելու 30 հոգին, 2-րդ 24 ժամվա ընթացքում (հուլիսի 28-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 29-ի, 18:00)՝ 60 հոգին, իսկ 3-րդ 24 ժամը (հուլիսի 29-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 30-ի, 18:00)՝ 90 հոգին:
Նստացույցը իրականացվելու է 3-ժամյա հերթափոխներով: Յուրաքանչյուր 3 ժամը մեկ, իր հերթափոխը ավարտած խումբը կազմակերպված դուրս է գալու հրապարակի կենտրոնից՝ նրան փոխարինող խումբը մտնելու է հրապարակի կենտրոն:
Արեւից պաշտպանվելու Համար նստացույցի մասնակիցները օգտագործելու են անձնական հովանոցներ:
Նստացույցի մասնակիցները իրենց հետ ունենալու են միայն ջուր:
Նստացույցի վայրում տեղադրված է լինելու 3 պաստառ՝ 3x1,5 մ չափի:
Ոստիկանության աջակցությունը
Ամեն 3 ժամը մեկ, 1 րոպեով դադարեցնել հրապարակի կենտրոնին հարող փողոցի երթեւեկությունը՝ հերթափոխող խմբերի դեպի հրապարակի կենտրոն անցնելու եւ կենտրոնից հետ վերադառնալու համար:
Նստացույցի վաղաժամկետ դադարեցումը
Նստացույցը կդադարեցվի այն պահին, երբ ՀԾԿՀ-ն՝ Իրավական ակտերի մասին օրենքի 75-րդ հոդվածի պահանջների համաձայն, չեղյալ կճանաչի սակագների բարձրացման իր ընդունած որոշումը:
Նստացույցի հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթներին համապատասխան»:
Ուղիղ միացումը՝ 1in.am-ի


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել