Արմեն Մուրադյանը լսել է ապագա մարզային բժիշկների մտահոգություններն ու առաջարկությունները
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է ընթացիկ տարում մարզերից նպատակային կլինիկական օրդինատուրա ընդունված ուսանողների հետ և քննարկել նրանց հուզող մի շարք հարցեր:
ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին օրդին ատուրայում ուսանելուց հետո Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տարբեր մասնագիտություններով սովորող ավելի քան երեք տասնյակ երիտասարդի առջև դրված է մինչև հինգ տարի մարզում աշխատելու պայման, որն ամրագրված է պայմանագրով:
Ողջունելով ապագա բժիշկներին' նախարարը կարևորել է մարզերի առողջապահական խնդիրների լուծումը, մարզային բժշկական կազմակերպությունների երիտասարդ որակյալ կադրերով ապահովումը: Նա նշել է, որ կլինիկական օրդինատորները պայմանագրային հարաբերությունների ողջ ընթացքում լինելու են ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
Օրդինատորները ներկայացրել են նեղ մասնագիտացման հետ կապված իրենց մտահոգություններն ու առաջարկները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արտերկրում վերապատրաստվելու հնարավորությունները:
Անդրադարձ է կատարվել նաև մարզային բժշկական կենտրոնները նորագույն սարքավորումներով հագեցնելու խնդիրին:
Ամփոփելով հանդիպումը' ՀՀ առողջապահության նախարարը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին անկաշկանդ քննարկման համար' մեծապես կարևորելով երիտասարդների շարունակական բժշկական կրթության զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը, մաղթելով երիտասարդներին նորանոր մասնագիտական հաջողություններ: Արմեն Մուրադյանը հորդորել է ուսանողներին նեղ մասնագիտական ուղղություն ընտրելիս ճիշտ գնահատել սեփական կարողություններն ու գիտելիքները: Նախարարը նշել է, որ մարզը ևս պետք է շահագրգռված լինի, որպեսզի որակյալ բժիշկը վերադառնա և ամրապնդվի այնտեղ: Արմեն Մուրադյանի խոսքով' մասնագիտական գործունեության սկզբում մարզում աշխատելը երիտասարդի կյանքում կարևոր հետք է թողնում' ապահովելով կայանալու, հմտությունները զարգացնելու հնարավորություն:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել