Պատվերներ Նիկոլ Փաշինյանի դեմ
Քաղաքական
Այսօր թերթերից մեկը գրել էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում դժգոհություններ են խմորվում, ու այդ դժգոհությունները մի քանի շարժառիթ ունեն:
Շարժառիթներից առաջինը, ըստ հոդվածի, փողն է: Բանն այն է, որ կուսակցության ակտիվիստների կարծիքով, «Քաղաքացիական պայմանագրի» ֆինանսական շարժն այնքան էլ «թափանցիկ» չէ: Նրանցից ոմանք մտավախություն ունեն, թե Նիկոլ Փաշինյանը կուսակցության գործունեությունը ֆինանսավորելու լուրջ աղբյուրներ ունի, որոնք, սակայն, մնում են խորհրդավոր, ինչն էլ հարցերի և դժգոհության տեղիք է տալիս:
Նշվում էր նաև, որ կուսակցության կազմակերպած դրամահավաքին մոտավորապես 5 միլիոն դրամ էր հավաքվել. 4,8 միլիոն դրամ հանգանակվել էր և կես միլիոն դրամի էլ խոստում էր եղել, ինչը կարող է հերիքել Երևանի կենտրոնում՝ Սայաթ-Նովայի պողոտայում, կուսակցության գրասենյակի համար վարձակալած տարածքի երեք-չորս ամսվա վարձը մուծելուն: Իսկ «Քաղաքացիական պայմանագիրը» միայն նշված գրասենյակի տարածքի վարձ չի մուծում, այլև ուրիշ ծախսեր էլ է անում, օրինակ, տարածքային գրասենյակներ է ստեղծում և պահում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում կուսակցության մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ հեղինակն իրենց կուսակցության մասին պատկերացում չունի և չի տիրապետում խնդրո առարկային:
Ալեն Սիմոնյանն նշեց, որ իրենց կուսակցությունն ունի ընդամենը երկու գրասենյակ, մեկը մեկ ամիս առաջ Գյումրիում են վարձակալել, մյուսը՝ Սայաթ-Նովայի պողոտայում գտնվող գրասենյակն է, որի վարձը տալու համար շատ մեծ ջանքեր պետք չեն. «Մեր վերջին դրամահավաքի միջոցներով մենք կկարողանանք երկու տարվա վարձ տալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Հրապարակման մեջ նաև նշվում էր, թե Փաշինյանը բազմաթիվ մարդկանց կուսակցության ցուցակում տեղ է խոստացել, այդ առումով խոսնակն ասաց. «Մեր կուսակցության կառուցվածքն այնպես է, որ մեր մոտ անհնար է: Ինչ-որ մեկը, եթե մեր կուսակցությունում ինչ-որ բան պայմանավորվի, դա չի նշանակում՝ կլինի. կուսակցության վարչությունում առնվազն 7 հոգի դրա հետ պետք է համաձայն լինի: Մենք միանձնյա մարդու կուսակցություն չենք՝ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի պարագայում է, որտեղ միանձնյա որոշումներ են կայացվել, իսկ մնացածը խորհրդատվական մարմին են եղել»,- ասաց Ալեն Սիմոնյանը և հավելեց. «Այդ բոլոր մարդիկ, այդ ԶԼՄ-ները պատվեր են կատարում և սպասարկում են իշխանության այն մասին, որոնք այդ պատվերը տալիս են»:
Մեր այն հարցին, թե այդ պատվերները հատկապես ո՞ր կողմից են տրվում՝ ընդդեմ իրենց կուսակցության, Սիմոնյանը հստակ անուններ չտվեց, միայն նշեց, որ Փաշինյանն ամենօրյա իր աշխատանքում կարող է շատ ու շատ մարդկանց շահերին բախվել:
Նկատեց նաև, որ վերջին շրջանում Հրազդանի քաղաքապետի իրենց թեկնածուին փորձում էին կապել այս կամ այն ուժի հետ, թե իբր Սասուն Միքայելյանը «դաբրո» է ստացել, սակայն այդպես էլ փաստերով չխոսեցին. «Մենք յուրաքանչյուր խոսքի տակ որևիցէ փաստաթուղթ ենք ներկայացնում, հիմք ենք ներկայացնում, սա եղավ այն, որ ասում են՝ դու ուղտ ես, դե գնա ապացուցի, որ դու ուղտ չես, կներեք, բայց ապացուցելու բան չկա, հանրությունը լավ տեսնում է, զգում է: Եթե իրենք փողով են իրենց կուսակցությունները պահում, դա իրենց անձնական խնդիրն է և իրենց պատկերացումն է, մեր կուսակցությանը մեծ գումարներ պետք չեն»,- ասաց Սիմոնյանը:
Նելլի Ավետիսյան


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը