ԸՕ-ից հանվել է ԶԼՄ ներկայացուցիչների թվի սահմանափակումը. Դավիթ Հարությունյան
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատգամավորների քննարկմանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը, որում ներառվել են մեխանիզմներ, որոնք թույլ կտան էապես բարձրացնել հանրության վստահությունն ընտրական գործընթացների նկատմամբ և հայտնաբերել բոլոր խախտումները, որոնք կարող են տեղի ունենալ ընտրությունների ժամանակ:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Ընտրական օրենսգրքի նախագծում տեղ գտած կարևոր փոփոխություններից է, որ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են 100-տոկոսանոց համամասնական եղանակով, հանվել է նաև տեղամասերում ԶԼՄ ներկայացուցիչների թվի սահմանափակումը:
Դավիթ Հարությունյանը ներկայացրեց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի ձևավորման կարգը: ԿԸՀ-ն ձևավորում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով: «Ավելին, հանձնաժողովի անդամը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմի մեջ»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն անդրադարձավ նաև խորհրդարանում կյանուն մեծամասնություն ապահովելու սահմանադրական դրույթին, որը ևս տեղ է գտել Ընտրական օրենսգրքի նախագծում: Հարությունյանը նշեց, որ որպես կայուն մեծամասնության թիվ ընտրվել է 54 տոկոսը, որը կիրառվում է նաև Իտալիայում: «Մեր կարծիքով՝ 54 տոկոսն է ապահովում կայուն մեծամասնությունը»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նշենք, որ Ընտրական օրենսգրքի նախագծի լրամշակված տարբերակն Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելուց հետո նախագիծը կընդգրկվի խորհրդարանի լիագումար նիստի օրակարգում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին