Ջհանգիրյան. Նոր համակարգով՝ Ազգային ժողովն ինտելեկտուալ, մասնագիտական ունակություններով ավելի վատն է լինելու
Քաղաքական
Այսօր Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, պատգամավորների քննարկմանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագիծը:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Դավիթ Հարությունյանին հարցով դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, պատգամավորը մասնավորապես հարցրեց, թե արդյոք իշխանությունները մտավախություն չունե՞ն, որ նոր համակարգի գործադրման արդյունքում կունենանք ավելի վատ Ազգային ժողով՝ ինտելեկտուալ, մասնագիտական ունակություններով. «Չեմ ասում՝ իշխանությունը ինչքան ձայն կստանա, ընդդիմությունը՝ ինչքան, որակային տեսանկյունից ավելի վատը կլինի, որովհետև ինչ-որ տարբերակով մեծամասնականն ստանալու է 53 տոկոս, համամասնականը՝ 47%: Ձայն բերող մարդիկ այլ կատեգորիայի են և օրենսդիր մարմնում պիտանի չեն լինելու, թող չնեղանան»,- ասաց Ջհանգիրյանը:
Պատգամավորը նկատեց նաև, որ 4+4+4 ձևաչափի քննարկման հաջողությունը կամ ձախողումը տրագեդիա չէ, և պետք է հանձնաժողովը գլուխ առ գլուխ նայի օրենսգիրքը և մասնագիտական գնահատական տա:
Գագիկ Ջհանգիրյանը նաև նկատեց, որ Ընտրական օրենսգիրքը գրողները չեն տիրապետում քրեական օրենսգրքին, և թույլ են տրված սխալներ, որոնց ինքը կարող է լուծումներ տալ.
«Քրեական հոդվածների հետ կապված կարող եմ միանգամից լուծում տալ, «կեղծելու նպատակովը» ո՞րն է, եթե անփութության հետևանքով է թիվը փոխվել հանցակազմ չի կարող առաջացնել, իսկ եթե միտումնավոր է արվել ի՞նչ կարևոր է կեղծել է, թե մեկին լավություն է ուզեցել անի, կեղծելը միջոցն է, դա ճիշտ ձևակերպված չի»,- ասաց Ջհանգիրյանը, ում ասածի հետ համաձայնվեց Դավիթ Հարությունյանը՝ «Փակ աչքերով վստահում եմ ձեր առաջարկներին, պարո՛ն Ջհանգիրյան»:
Ջհանգիրյանի խոսքով՝ եթե մենք ռեյտինգայինից հրաժարվում ենք ու ասում՝ սա մարզերում կկայացնի քաղաքական կուսակցությունները, նախ այդ տեղերում, որպեսզի քաղաքական ուժ գոյություն ունենա, պետք է տնտեսություն լինի, եթե մի տեղ բիզնես չկա, արդյունք չի ստեղծվում, միայն վարչական մարմնի վրա քաղաքական ուժ, առավել ևս ընդդիմություն չի կայանա:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին