ԱՄՆ-ն կանգնած է հայ ժողովրդի կողքին` հիշելով Մեծ եղեռնի սարսափը. Բարաք Օբամա
ԱՄՆ
Սպիտակ տան մամլո քարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրվա առթիվ:
«Այսօր հանդիսավոր կերպով ոգեկոչում ենք 20-րդ դարի առաջին զանգվածային վայրագության' Հայոց Մեծ եղեռնի հիշատակը, երբ միլիոն ու կես հայերի տեղահանել, կոտորել և արտաքսել են Օսմանյան կայսրության վերջին օրերին:
Հարգելով 1915-ի մռայլ օրերին տուժած մարդկանց հիշատակը և պարտավորվելով սովորել այս ողբերգությունից, որպեսզի այն երբևէ չկրկնվի' հարգանքի տուրք ենք մատուցում նաև նրանց օգնության հասած մարդկանց, որոնց թվում էր ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, ով իր ձայնը բարձրացրեց' փորձելով վերջ դնել բռնությանը: Նման ձայները, ինչպիսին Մորգենթաուինն է, շարունակում են կարևոր լինել վայրագությունների կանխման գործում:
Սա նաև հայ ժողովրդի ճկունությունը գնահատելու պահն է: Մենք հիշում են, թե ինչպես են հազարավոր հայ փախստականներ տասնյակ տարիներ առաջ նոր կյան ք սկսել Միացյալ Նահանգներում' կազմելով կենսունակ ու զարգացած համայնք: Մենք շնորհակալ ենք նաև Հայաստանի ժողովրդին 17 հազար սիրիացի փախստականների իրենց երկրում ընդունելու համար:
Անցյալից նայելով ապագային' մենք շարունակում ենք կարևորել պատմական հիշողությունը' որպես կանխման միջոց, և կոչ ենք անում փաստերի ամբողջական ու ազնիվ ճանաչման, ինչը կծառայի բոլոր կողմերի շահերին: Ես հետևողականորեն հայտնել եմ իմ սեփական տեսակետը 1915-ին տեղի ունեցածի վերաբերյալ, և իմ տեսակետը չի փոխվել:
Մենք ողջունում ենք այն մարդկանց տեսակետները, ովքեր փորձում են նոր լույս սփռել անցյալի մթության վրա' սկսած հայ և թուրք պատմաբաններից մինչև Ֆրանցիսկոս պապը:
Այսօր մենք կանգնած ենք հայ ժողովրդի կողքին' ողջ աշխարհում հիշելով Մեծ եղեռնի սարսափը և վերահաստատելով մեր աջակցությունը ժողովրդավար, խաղաղ և բարգավաճող Հայաստանին»,-ասել է ԱՄՆ նախագահը:
Թարգմանությունն՝ ըստ Tert.am կայքի


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)