Ադրբեջանում «յուրացրել» են պարսիկ Նասրեդին Թուսիին
Ադրբեջան
Ադրբեջանը մի շարք պարսիկ գիտնականների, գրողների, բանաստեղծների շարքում 13-րդ դարի պարսիկ գիտնական Նասրեդին Թուսիին եւս «յուրացրել» եւ համարում է «ադրբեջանցի»: Ավելին, ռուս գիտնական-մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչեվսկիին էլ մեղադրել է «պլագիատի» մեջ, որն, իբր «գողացել է ադրբեջանցիների վաղ միջնադարի մաթեմատիկական միտքը, յուրացրել եւ հանդես եկել որպես նոր ուսմունքի հեղինակ»:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման անհեթեթ պնդումով հանդես է եկել moderator.az-ը' նշելով, որ «Ադրբեջանի մեծ գիտնական» Թուսիի ստեղծագործություններից «օգտվել են Նյուտոնը, Կեպլերը, Լեյբնիցը, Պաշը եւ այլք»:
Կայքի համաձայն' «Ադրբեջանի պատմության մեջ առաջին հրատարակված գիրքը' Թուսիի «Էվկլիդիսի մեկնաբանություն»-ը, Լոբաչեւսկիի խնդրանքով Պարսկաստանի Ռեշտ քաղաքից Սանկտ Պետերբուրգ է բերել եւ նրան նվիրել ռուսաստանցի մեծ արեւելագետ Միրզա Քազիմը:
Ըստ կայքի' Նասրեդին Թուսին այդ գիրքը գրել էր անտիկ հույն փիլիսոփա, աստղագետ եւ մաթեմատիկոս Էվկլիդեսի ստեղծագործությունների մեկնաբանությունների հիման վրա, որում Թուսին միայն մեկնաբանություններով չէր բավարարվել եւ առաջադրել է մաթեմատիկայի բնագավառում «նոր տեսություն' ոչ էվկլիդեսյան նոր երկրաչափություն»:
«Սակայն շատ ափսոս, որ օգտվելով Միրզա Քազիմի նվերից, Լոբաչեվսկին Թուսիի ստեղծագործության մեջ եղած գաղափարները վերագրել է իրեն եւ դրել մաթեմատիկայում ոչ էվկլիդեսյան երկրաչափություն անվանվող առարկայի հիմքը», -գրում է կայքը:
Կայքը ափսոսանք է հայտնում, որ այսօր եւս աշխարհի շատ երկրներում «ոչ էվկլիդեսյան երկրաչափության» հեղինակ ճանաչվում է ոչ թե «ադրբեջանցի» Թուսին, այլ «պլագիատի վարպետ ռուս Լոբաչեւսկին»:
Միջնադարյան պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, մեխանիկ եւ աստղագետ, փիլիսոփայության, աշխարհագրության, երաժշտության, օպտիկայի, բժշկության, հանքագիտության գծով աշխատությունների հեղինակ Նասիր ադ-Դին Աբու Ջաֆար Մուհամադ իբն Մուհամադ Թուսին ծնվել է պարսկական Խորասան նահանգում 1201 թվականին: Նրա գիտական ժառանգությունը կազմում է մոտ 150 գիտական շարադրություն եւ նամակներ, որոնից 25-ը գրված են պարսկերենով, իսկ մնացածը' արաբերենով:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին