Ստեփանակերտցի երեխաներն այցելել են Երևան
Հասարակություն
Մայրաքաղաքի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների համագործակցության ծրագրի շրջանակում Նորք-Մարաշ վարչական շրջանում էին հյուրընկալվել զոհված ազատամարտիկների ընտանիքների ստեփանակերտցի 11 երեխաներ: Կազմակերպիչները հոգ էին տարել, որպեսզի արցախցի պատանիների ու աղջիկների երևանյան քառօրյա հանգիստը հնարավորին հագեցած լինի: Նախաձեռնել էին այցելություններ մայրաքաղաքի կրթամշակութային օջախներ՝ Հովհ. Թումանյանի թանգարան, Մատենադարան, Ծիծեռնակաբերդ, Թումոյի այգի և այլ վայրեր: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ծրագրից դուրս խնամատար ընտանիքներն իրենք են կազմակերպել երեխաների առօրյան՝ շեշտը դնելով մայրաքաղաքի զբոսաշրջային և ժամանցային վայրերին:
Մինչ զբոսաշրջային ծրագիրը, երեխաները մկրտվել էին Նորք-Մարաշի Ս. Աստվածածին եկեղեցում: Արցախ վերադառնալուց առաջ նրանք խոստովանել են, որ երևանյան այցելությունն ու երևանցիներից ստացած ջերմությունը, իրոք, անմոռանալի կդառնան:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին