«Թող վարչապետն ու փոխվարչապետը բարեհաճեին գալ»․ լարված իրավիճակ Ալավերդիում
Հասարակություն
Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողներն այսօր` փետրվարի 15-ին, կրկին փակել են Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Երկու օր առաջ նրանց տված խոստումը չի կատարվել․ ալավերդցիները երկաթգծի մոտ էին, սակայն կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չէր գնացել հանդիպման:
Բողոքող աշխատակիցների հետ հանդիպման գնացել էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Ալավերդու քաղաքապետ Սասուն Խաչումյանն ու ACP ընկերության տնօրեն Լուսինե Մեջլումյանը:
Հանդիպումը կազմակերպվել էր Մշակույթի տան դահլիճ: Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ այս ընթացքում հանդիպել են ՎՏԲ բանկի ներկայացուցիչների հետ, փորձում են այլ ներդրող գտնեն, բանակցում են երկու օպերատորների հետ: Մարզպետն առաջարկեց 4-5 հոգուց կազմված խումբ ձևավորել, գնալ Երևան և հարցը փոխվարչապետի հետ քննարկել, սակայն ալավերդցիները ընդվզեցին և դուրս եկան փողոց։
«Երկար ժամանակ ա, էս հարցը չի լուծվում։ Եթե պատասխան ունեն, թող վարչապետն ու փոխվարչապետը բարեհաճեին գալ Ալավերդի: Դպրոցում կամ մանկապարտեզում 4 հոգի աշակերտ ցույց ա անում, վարչապետը վրազ հասնում ա, իսկ որ 600-ից ավելի ալավերդցի ամիսներ շարունակ գործազուրկ դառնալու մասին են բարձրաձայնում՝ անտեսվում են»,- դժգոհություն հայտնեց բողոքի ակցիայի մասնակիցը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ գործարանի աշխատակիցները նամակով դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն պարզվում է վերջինս չի արձագանքել 5500 ստորագրություններով նամակին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում