Ոչ մեկին չեմ ասել՝ աչքիդ վերևը ունք կա, ոչ մեկին վատություն չեմ արել. Վանևանի համայնքապետը շոկի մեջ է
Քաղաքական
ՀՀ կառավարությունը, հիմք ընդունելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ կետը, դադարեցրել է Գեղարքունիքի մարզի Վանեվան համայնքի ղեկավար Նորայր Հարությունյանի լիազորությունները: Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ Վանևանում վերջին վեց ամսում ավագանու նիստ չի հրավիրվել, իսկ ավագանու հինգ անդամներից երեքն իրենց նախաձեռնությամբ, համաձայն օրենքի պահանջների, անվստահություն են հայտնել համայնքի ղեկավարին, ինչը եւ ընդունվել է ՀՀ կառավարության կողմից:
«Գեղարքունիքի մարզպետի համապատասխան որոշմամբ, Վանևան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արամ Հարությունյանը, ով պետական կառավարման մարմիններում աշխատանքային երկարամյա փորձ ունի: Առաջիկայում Վանևանում հայտնի կլինի համայնքի ղեկավարի ընտրության օրը»,- ընդգծեց Վանիկ Հարությունյանը:
Այս թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Վանևան համայքի արդեն նախկին ղեկավար Նորայր Հարությունյանի հետ:
Հարցին, թե ո՞րն է իր լիազորությունները դադարեցնելու պատճառը, Հարությունյանը պատասխանեց.
«Անցած տարվա ընտրություններից հետո պարտված թեկնածուն ցույցեր կազմակերպեց, իրավիճակը սրվեց և հանդարտեցնելու համար իմ լիազորությունները դադարեցվեցին: Ավագանու նիստին չմասնակցելու և քվորում չապահովելու համար ավագանու երեք անդամները (ովքեր այդ թեկնածուի մարդիկ են) բոյկոտ կազմակերպեցին իմ դեմ, որի արդյունքում իմ գործունեությունը դադարեցվեց»:
1996 թվականից համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նորայր Հարությունյանը պնդում է՝ եթե վատ ղեկավար լիներ, այսքան տարի չէր վերընտրվի, այն էլ բարձր քվեներով: Նախկին համայնքապետի խոսքով, բնակիչների 70տակոսը սատարում է իրեն, մի ժամվա ընթացքում արդեն ստորագրահավաք է կազմակերպվել, որին մասնացել է 140-ից ավելի մարդ:
«Մարզպետը տեղյակ է ամեն ինչից, նա երկու անգամ կանչել է ավագանու անդամներին և փորձել հաշտության եզրեր գտնել, բայց նրանք, առանց որևէ հստակ փաստի, պահանջում են իմ հրաժարականը:
Ես երբեք կոնֆլիկտով չեմ աշխատել, ոչ մեկին չեմ ասել՝ աչքիդ վերևը ունք կա, ոչ մեկին վատություն չեմ արել: Ես շոկի մեջ եմ, թե ինչպես կարողացան մեր աշխատանքային ընտանիքում այդպիսի աժիոտաժ ստեղծել»,- ասաց Հարությունյանը:
Անդրադառնալով անցած ընտրություններին, նախկին համայնքապետն ասաց, որ որևէ խախտում չի եղել, այն անցել է բացարձակ թափանցիկ ձևով: Հարությունյանը շեշտեց, որ հանձնաժողովի կազմում եղել է 3 իմքայլական անդամ:
Հարցին, թե ի՞նչ քայլեր է պատրաաստվում ձեռնարկել պաշտոնը վերականգնելու համար, Հարությունյանը պատասխանեց, որ դեռ շոկի մեջ է և չգիտի ինչ է անելու, անգամ չի որոշել՝ մասնակցելո՞ւ է գալիք ընտրություններին, թե՝ ոչ:
Հիշեցնենք, որ Վանևան գյուղի բնակիչ Ատոմ Մկրտչյանը ապրիլի 11-ից հայտարարել էր հացադուլ` պահանջելով գյուղապետի հրաժարականը: Նույն պահանջով գյուղի բնակիչները և ավագանու անդամները անընդմեջ բողոքի ակցիաներ են իրականցրել: Այսօր Մկրտչյանը դադարեցրել է հացադուլը:
Ասպրամ Փարսադանյան


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)