ԼՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու որոշում է կայացրել (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու որոշում է կայացրել: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Խմբակցության անունից խոսեց Տարոն Սիմոնյանը, ներկայացրեց մեր դիրքորոշումը: Խմբակցությունը ազատ է կքվեարկի, պատգամավորներ կան, որ սկզբունքային պահանջներ ունեն, պատգամավորներ էլ կան, որ այլ սկզբունքային պահանջներ ունեն: Ցանկացած քվեարկության ժամանակ մենք քննարկում ենք՝ ունենալ միասնական դիրքորոշում, թե ազատ թողնել»,-ասաց Մարուքյանը:
Անդրադառնալով հարցին,թե ինչպես է վերաբերում խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին, որում կարծես թե նա կողմ էր արտահայտվել թեկնածությանը՝ նա նշեց, որ դեռ չի հասցրել ելույթը դիտել: «Սակայն տեղյակ եմ, որ նա պետք է ելույթ ունենար, և այդ ելույթը կարող էր տարբերվել Տարոն Սիմոնյանի ելույթից»,-նշեց Մարուքյանը:
Անդրադառնալով հարցին, թե մի խմբակցությունում արդյոք կարող են լինել հակադիր կարծիքներ ունեցող պատգամավորներ՝ Մարուքյանն ասաց, որ կարող են լինել այդպիսի իրավիճակներ, երբ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն: Նա վստահեցրեց, որ իրենք այդ տարբեր կարծիքները միշտ հարգել են և հարգում են, սակայն նշեց, որ գաղափարական տարաձայնություն չկա: Մարուքյանը շեշտեց, որ իրենց սկզբունքային տեսակետը հայտնել են:
Տարոն Սիմոնյանն իր ելույթում նշել էր, որ Վահե Գրիգորյանի թեկնածության հետ կապված կա օրենսդրական խնդիր, նա մասնավորապես նշել էր՝ որքան էլ հարգի Գրիգորյանի անձն ու անցած ճանապարհը, ինքն ու իր գործընկերներից շատերը չեն կարող անտեսել օրենքի պահանջը: Նույն խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում ըստ էության սկզբունքորեն դեմ չէր արտահայտվել Գրիգորյանի թեկնածությանը: Նա մասնավորապես նշել էր, թե մոլորություն է մտածել, որ նախկին իշխանությունները իսպառ հեռացել են: Նրա խոսքով՝ հետևաբար այս ընտրությունն ընդամենը հնարավորություն է թույլ չտալու, որ այդ իշխանությունների պարագլուխները վերադարձի հույս ունենան: Ելույթից հետո «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ ծափահարեցին Բաբաջանյանին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)