Միգուցե «թաթիկներ կտրել»-ն էլ փորձեք արդարացնել ու ասել, որ դա բռնության կամ ատելության խոսք չէ․ Անի Սամսոնյան
Քաղաքական
«Մենք այստեղ հույս ենք հայտնում, որ այս աշխատանքային խումբը լինելու է անաչառ, բայց դուք արդեն արդարացնում եք սև-սպիտակը, արդարացնում եք ասֆալտին փռելը», ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նիստում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված Հայաստանի Հանրապետության օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման հարցը քննարկելու ընթացքում ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների` ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Նա նաև խնդրեց բացատրել, թե ի՞նչ է նշանակում հանցագործներին ասֆալտին փռելը. «Նախ լիքը մարդիկ կան, ում մեղքը դեռ ապացուցված չէր, դուք այդ մարդկանց անմեղության կանխավարկածը խախտում եք ու հիմա ասում եք՝ ճիշտ է նրանց նկատմամբ ասել՝ ասֆալտին փռել, միգուցե «թաթիկներ կտրել»-ն էլ փորձեք արդարացնել ու ասել, որ դա բռնության կամ ատելության խոսք չէ: Ես իսկապես չեմ հասկանում, թե դուք ինչ եք ուզում»,- Սամսոնյանին հունից հանեցին մինչ այդ կարծիք հայտնած իմքայլականները:
Հատկապես ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ասածը՝ առ այն, թե սև ու սպիտակի, ասֆալտին «փռելու» վերաբերյալ արված հայտարարություններն ատելության կամ բռնության խոսք չեն. «Սև ու սպիտակի մասին. վարչապետն ասաց՝ գուցե ոչ հաջող ձևակերպում էր, մեր հասարակությանը շատ ավելի վառ գույներով կարելի է ներկայացնել: Կարելի էր կառչել վարչապետի այս խոսքից էլ ու ասել՝ այ, գույնե՞ր եք ասում, երևի ձեր մտքին ուրիշ բան կա: Ինչ-որ արտահայտություն վերցնել և շրջանառել, թե այ սա տիպիկ օրինակ սխալ է, դրանից հետո ասֆալտին փռելու հայտարարությունը օգտագործվեց կոնկրետ հանցագործների նկատմամբ: Դե եկեք ու տեսեք ոստիկանության գործողությունների ժամանակ, երբ հանցագործը փախուստի է դիմում, նրան պառկեցնում են ասֆալտին: Ուզում եմ ասել՝ հղում կատարելիս՝ եկեք կոնտեքստից չկտրենք ասվածը»,- ասաց նա:
Տեղեկացնենք, որ բավական բուռն ու տարակարծիք քննարկաման արդյունքում ատելության խոսքի դեմ աշխատանքային խմբի առաջարկն ընդունվեց միաձայն։ Աշխատանքային խումբը կղեկավարի ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանայանը։
Աիդա Կիրակոսյան


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա