Մեր աշխատանքին խանգարում է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը. Էդմոն Մարուքյան
Քաղաքական
«Լուսավոր Հայաստան» կուսակցության 4-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի ներքին քաղաքական կյանքի զարգացումներին: Ընդգծելով իրենց կուսակցության դերն այդ զարգացումներում՝ ասաց, որ իրենց կարճաժամկետ նպատակն է հզոր, կենսունակ ընդդիմություն դառնալը:
«Ընդդիմություն լինելն ինքնապատակ չէ: Մենք կառավարությանը երբեք չենք քննադատել՝ ցույց տալու, որ մենք քննադատում ենք, ընդհակառակը՝ մեր առաքելությունը եղել է և կա՝ լինել իշխանության ամենահավանական, ամենահնարավոր մրցակիցն ու փոխարինողը: Ցանկացած իրավիճակում քաղաքացիների աչքում դա պիտի լինի, որ նոր Հայաստանի այլընտանքը «Լուսավոր Հայաստանն է» և ոչ թե հին Հայաստանի ցանկացած հին ուժ: Պիտի արձանագրենք, որ հինը նոր Հայաստանում չի կարող լինել այլընտրանք»:
Հնին անդրադառնալով՝ Մարուքյանը նշեց, որ իրենց ավելի լավ աշխատանքին հաճախ խանգարում է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը, որի փոփոխության մասին իրենք բարձրաձայնում են և պայքարում են, որ այդ համակարգը փոխվի:
«Մենք տեսել ենք մի իշխանություն, որը չուներ որևէ վերահսկողություն, և կտրվել էր իրականությունից, այլևս նման բան տեսնել չենք ուզում: Մենք դա այլևս թույլ չենք տա: Ընդդիմության դերը շատ կարևոր է, քանի որ, եթե ընդդիմությունը ձախողվի, ապա կձախողվի նաև հեղափոխությունը և իշխանությունը կվերածվի մոնոպոլ դիրքեր ունեցող հրեշի: Իսկ այդ դեպում կարժեզրկվի ողջ հեղափոխությունը»:
Մարուքյանի պնդմամբ՝ քաղաքական համակարգը չափազանց պարզունակ է ներկայումս, ձևավորվել է սև ու սպիտակի միջավայր, բարի ուժերը պայքարում են չար ուժերի դեմ, հեղափոխականները կռվում են հակահեղափոխականների դեմ և հենց այս մթնոլորտի պատճառով քաղաքական միտքը անընդհատ պտտվում է միևնույն առանցքի շուրջ և առաջընթաց չի գրանցում:
«Մենք ասում ենք՝ քաղաքականությունն ու, առհասարակ, աշխարհը չեն կարող լինել սև ու սպիտակ, այն բազմագույն ու բազմաբևեռ է: Պետք է դուրս գանք հեղափոխության հռետորաբանությունից, մոռացության և տոտալ անտարբերության մատնենք ընդդիմադիր եզրույթը պղծող քաղաքական հանցագործներին և լծվենք պետականաշինության գործին»:
Խոսելով կուսակցության երկարաժամկետ ծրագրերից՝ Մարուքյանն ասաց, որ ԼՀԿ նպատակն է ժողովրդավարական ընտրությունների միջոցով իշխանության ստանձնումը, որի համար բազմաթիվ լուրջ անելիքներ կան:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ