Սեդրակ Առուստամյանն ազատ արձակվեց
ԻրավունքԿենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատավորը որոշում է կայացրել ազատ արձակել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանին:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի հիմնադրած «Մուլտի գրուպ»-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի անունը կապվում է 2 քրեական գործերի հետ։ Մեկն առնչվում է Երևանի կենտրոնում ընկերության ձեռնարկած շինարարությանը՝ Աբովյան փողոցի վրա «Մուլտի գրուպը» 2018-ին սկսել էր հյուրանոց կառուցել։ Եվ երբ այդ տարածքում բիզնես ծավալող ընկերության ներկայացուցիչը բողոքել էր դատարան, ընկերությունը շինարարությունը չէր դադարեցրել։ Առուստամյանը այս գործով մեղադրվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա ինքնակամ շինարարությունը չդադարեցնելու համար։
Երկրորդ քրեական գործն առնչվում է «Հյուսիս-հարավի» շինարարական ծրագրի հետ։ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի հետ առնչվող ընկերության ղեկավարը այս գործով մեղադրվում է կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, ինչպես նաև փողերի լվացման համար։ Ըստ Քննչական կոմիտեի՝ 2008-2010 թվականներին տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գուրգեն Սարգսյանը Առուստամյանի և այլ անձանց գործակցությամբ «Սթոնս» ընկերությանը իբր մատուցված ծառայությունների համար դուրս է գրել ընդհանուր 177 միլիոն դրամի կեղծ հարկային հաշիվներ։ Գումարի մեծ մասը փոխանցվել է Սեդրակ Առուստամյանին: