ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում քննարկվում է Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը. «Իմ քայլը» օրենք կխախտի՞
ԻրավունքԳագիկ Ջհանգիրյանը կարող է պաշտոն ստանալ։ Այս մասին հաղորդում է armtimes.com-ը։ Ըստ թերթի տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը արդեն բավական երկար ժամանակ է՝ քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ և խմբակցության ընդհանուր որոշմամբ՝ այդ պաշտոնում պետք է առաջադրել ՀՀ նախկին զինդատախազ, ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը: Նշվում է, որ հունվարի 13-ին խմբակցությունը նախատեսում է ԱԺ-ում հանդիպում ունենալ Ջհանգիրյանի հետ, որից հետո նրա թեկնածությունը առաջադրելու մասով վերջնական որոշում կկայացվի:
ԼՈՒՐԵՐ․com-ը կապ հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ ճշտելու՝ արդյոք ԲԴԽ անդամի թափուր պաշտոնը զբաղեցնելու առաջարկ ստացե՞լ է․ «Չեմ մեկնաբանում»,- ասաց Ջհանգիրյանը։
Նա անպատասխան թողեց նաև հարցը՝ արդյոք վաղը ԱԺ-ում հանդիպելու է «Իմ Քայլը» խմբակցության հետ, թե ոչ։
Մեզ հետ զրույցում իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ ասաց, թե հանդիպման վերաբերյալ տեղեկատվություն չունի։ Սակայն չհերքեց, որ խմբակցությունում Ջհանգիրյանի թեկնածության հետ կապված քննարկումներ են եղել․ «Այո, տարբեր թեկնածուների, այդ թվում Գագիկ Ջհանգիրյանի թեկնածությունը քննարկվել է, բայց այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա»,- նշեց պատգամավորը։
Նկատենք, որ Գագիկ Ջհանգիրյանը 66 տարեկան է, ինչը ենթադրում է, որ նրա հնարավոր նշանակումը ԲԴԽ անդամի թափուր պաշտոնում կարող է լինել օրենքի խախտումով, քանի որ տարիքային շեմը չի համապատասխանում։ Օրենսգրքի 97-րդ հոդվածը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, որտեղ նշվում է՝ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք:
Սոնա Հարությունյան