Այն տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, 5 տարի ջրի վարձ չեն վճարի. Փաշինյան
Հասարակություն
Մեր խնդիրն է մեր գյուղացիներին աջակցել, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը ոչ թե չարչարանք լինի, որը չի բերում ակնկալվող արդյունքը, այլ դա լինի պլանավորված գործունեություն, որի արդյունքները կարելի է նախապես պլանավորել, ակնկալել, թե ինչ պետք է ստանալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, Արարատի մարզի Գեղանիստ համայնքում իր հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մեր գյուղատնտեսության մեջ կա հետեւյալ պրոբլեմը. Որ այն տարի, որ բերք չենք ունենում, դա բարդ տարի է մեզ համար: Այն տարին, որ բերք ենք ունենում, էլի պրոբլեմ է, որովհետեւ բերքը շատ է, գներն ընկնում են, եւ նույն բերքից ավելի քիչ եկամուտ է ստացվում: Այս թնջուկի լուծումը պլանավորված աշխատելն է, իսկ նման հնարավորություն մեզ տալիս է ինտենսիվ գյուղատնտեսությունը»,-ասաց նա:
Փաշինյանը նկատեց, որ վերջին տարիներին կտրուկ նվազեցրել են կոնյակի սպիրտի ներկրման ծավալները. «Դա արել ենք նախ հայկական կոնյակի բարձր որակն ապահովելու համար, որովհետեւ ներմուծված ոչ որակյալ սպիրտով ձեւավորված ապրանքն ավելի շատ վնաս է տալիս, մթերման հետ կապված խնդիրներ են առաջացնում: Երկրորդ, մենք խաղաղի այգիները մեծացնելու հարց ենք լուծում դրանով:
Մենք ներդրել ենք գյուղատնտեսության ապահովագրման ծրագիր: Այն ենթադրում է, որ անհրաժեշտության դեպքում ծախսերի 50-60 տոկոսը վճարում է կառավարությունը: Սա որաշակի երաշխիք է ստեղծում, որ կարկուտի, հրդեհի եւ ցրտահարության պարագայում այգիների տերերն ավելի լավ վիճակում կհայտնվեն»:
Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ գործում են գյուղատնտեսական տարբեր ծրագրեր, երբ գյուղացիներին տրվում են ցածր տոկոսներով կամ անտոկոս վարկեր. «Մենք գյուղացիներին կոչ ենք անում անցնել կաթիլային ոռոգման: Մենք կկիրառենք ծրագիր, որ այն տնտեսությունները, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, 5 տարի ջրի վարձ չեն վճարի: Սա միջոց է, որը կփորձենք կիրառել, որ մարդիկ օգտվեն այդ հնարավորություններից»,-ասաց Փաշինյանը:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից