Պետք է ձեզնից ստանանք թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը և ուղղենք մեր երկրի ողնաշարը. Փաշինյան
Հասարակություն
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ իրենց ուժն առաջիկա խորհրդարանական ընտրություններին քաղաքացիներից կստանա «թավշյա մանդատը պողպատե մանդատով» փոխարինելու լիազորություն՝ ուղղելու երկրի ողնաշարը: Վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանը:
«Ես մեր թիմի ներկայացուցիչներին հետևյալն էի ասում՝ հիմա մեր պատասխանատվությունն ավելի մեծ է, քան 2018-ին, որովհետև 2018-ին, այնուամենայնիվ, ուրիշ իրավիճակ էր: Ըստ էության՝ ամբողջ Հայաստանը մեր դիրքորոշումը պաշտպանում էր, բայց այսօր մեր կողքին կանգնած ամեն մարդու դիրքորոշում մեզ համար տասնապատիկ ավելի մեծ պարտավորություն է»,-ասաց Փաշինյանը:
Նա հավելեց, որ այս պահից սկսած չունեն ոչ մի իրավունք՝ որևէ հարցում ընդհանրապես սխալվելու: Փաշինյանն իրենց թիմի համակիրներին շնորհակալություն հայտնեց վստահության համար և հորդորեց ոչ մի վայրկյան չկասկածել՝ իր խոսքերի, հուզումների մեջ ոչ մի կեղծիք չկա:
«Ես ձեզնից յուրաքանչյուրիդ սիրում, հարգում և գնահատում եմ՝ ինչպես իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի: Ես ձեզնից յուրաքանչյուրի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի առաջ: Ես մեր յուրաքանչյուր նահատակի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ որդու առաջ….»,-ասաց նա:
Նա հավելեց, որ այդ հանդիպումները հիմա ավելի շատ պետք են ոչ թե քաղաքացիներին, այլ իրենց, որպեսզի ստանան մանդատը, ուժը, էներգիան: «Պետք է ձեզնից ստանանք թավշե մանդատը պողպատե մանդատով փոխարինելու լիազորությունը և պողպատե մանդատով ուղղենք մեր երկրի ողնաշարը»,-նշեց Փաշինյանը:
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից