ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին շտապ լքել Ուկրաինան
Համաշխարհային ՄամուլԱՄՆ Պետքարտուղարությունը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մոտ օրերս հարվածներ կհասցնի քաղաքացիական ենթակառուցվածքներին։ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին լքել երկիրը։ Համապատասխան հաղորդագրությունը չորեքշաբթի՝ օգոստոսի 23-ին, հայտնվել է դեսպանատան կայքում։
«Պետդեպարտամենտը տեղեկություններ ունի, որ Ռուսաստանի Դաշնությունը ուժեղացնում է ջանքերը՝ առաջիկա օրերին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածելու համար», - ասվում է հայտարարության մեջ:
Նրանք նաև ընդգծել են, որ Ուկրաինային ռուսական հարվածները մշտական վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների համար։
ԱՄՆ դեսպանատունը խրախուսում է ԱՄՆ քաղաքացիներին լքել Ուկրաինան՝ օգտագործելով մասնավոր ցամաքային տրանսպորտի տարբերակները, եթե դա անվտանգ է: Նրանք նաև կոչ են արել ազդանշանի ժամանակ անհապաղ թաքնվել ապաստարանում։