ԱՀ ոստիկանությունը պարզաբանում է՝ ինչու է տների հրկիզման փաստով քրեադատավարական գործընթաց նախաձեռնել
ԻրավունքԱՀ դատախազությանը բացարձակապես այլ ենթատեքստով արված հարցման պատասխանի հիման վրա տարբեր լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածել այն մասին, որ սույն թվականի օգոստոս ամսում Քաշաթաղի շրջանի Աղավնո և Բերձոր համայնքներում բնակելի տների հրկիզման դեպքերի առթիվ ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից նախաձեռնվել էր քրեադատավարական գործընթաց: Այս մասին հաղորդում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հրապարակված տեղեկության կապակցությամբ անմիջապես սկսեցին ներկայացվել տարբեր բնույթի ու ծագման մեկնաբանություններ ու հայտարարություններ, որոնց ի պատասխան հայտնում են հետևյալը.
Արցախի Հանրապետության տարածքում տեղի ունեցած ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ ԱՀ իրավապահ մարմինները պարտավոր են ապահովել միատեսակ մոտեցում և քրեադատավարական գործընթաց իրականացնել օրենքով սահմանված առիթների ու հիմքերի առկայության դեպքում, ինչը ենթադրում է դեպքի հանգամանքների հետազոտություն և համապատասխան դատավարական որոշման ընդունում (դեպքի ու դրա հետևանքների հետազոտությունը կարող է տեղի ունենալ բացառապես ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով):
Նույնպիսի մոտեցում ցուցաբերվել է նաև քննարկվող դեպքերի առնչությամբ, որոնց առթիվ նախապատրաստված նյութերով իրականացվել են անհրաժեշտ դատավարական ստուգումներ և առաջիկայում կընդունվեն քրեական գործի հարուցման փուլը եզրափակող դատավարական որոշումներ: