Մեքսիկայում նարկոբարոն Էլ Չապոյի որդու ձերբակալությունից հետո ամբողջ երկրում անկարգություններ են սկսվել (տեսանյութ)
ՏեսանյութերՄեքսիկայի իշխանությունները ձերբակալել են «Էլ Չապո» մականունով հայտնի նարկոբարոն Խոակին Գուսմանի որդուն՝ Օվիդիո Գուսմանին։ Ձերբակալությունից հետո բախումներ են սկսվել զինվորականների եւ Սինալոա նարկոկարտելի անդամների միջեւ։ Այդ մասին գրում է CNN-ը։
Կուլյական քաղաքում իսկական պատերազմ է սկսվել նարկոկարտելի, տեղի անվտանգության ուժերի և զինվորականների միջև։
Սինալոայի զինյալներն արդեն փակել են գրեթե 20 փողոց, կրակել են մարդատար և տրանսպորտային ինքնաթիռի և երկու ուղղաթիռի ուղղությամբ։ Օդանավակայանը ստիպված են եղել փակել, իսկ Սինալոա նահանգի հանրային անվտանգության նախարարը քաղաքացիներին խորհուրդ է տվել ապաստանել անվտանգ վայրերում կամ ընդհանրապես հեռանալ քաղաքից։
Նախնական տեղեկություններով՝ ուժայիններն արդեն ունեն մեկ զոհ և 27 վիրավոր։
Օվիդիո Գուսմանն արդեն կալանավորվել էր 2019 թվականին, սակայն անկարգություններ բռնկվեցին այնպիսի մասշտաբներով, որ նա ազատ արձակվեց նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի հրամանով՝ քաղաքացիների շրջանում զոհերից խուսափելու համար։