Հայ բժիշկները հաջողությամբ վերականգնել են տղամարդու՝ «բոլգարկայով» ջնջխված դեմքը
ՀասարակությունՕրեր առաջ շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն էր ընդունվել միջին տարիքի տղամարդ՝ դեմքի փափուկ հյուսվածքների շրջանում ջնջխված վերքերով, վերին ծնոտի մասնակի կոտրվածքով:
Ըստ հարազատների՝ տղամարդը վնասվածքները ստացել էր աշխատանքի ժամանակ՝ անկյունային հղկող մեքենայի (болгарка) հետ անզգույշ վարվելու հետեւանքով, ինչն էլ դարձել էր խորը եւ լուրջ վնասվածքների պատճառ:
Ընդունման պահին տղամարդու վիճակը գնահատվել էր ծանր:
Համապատասխան հետազոտություններից ու առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուժածն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան:
Վանաձորի բժշկական կենտրոնում՝ դիմածնոտային վիրաբույժ Աշոտ Մարգարյանի եւ վիրահատական թիմի կողմից (անեսթեզիոլոգ՝ Հովսեփ Հովհաննիսյան) ավելի քան 3 ժամ տեւած վիրահատության ընթացքում կատարվել է ծնոտի օստեոսինթեզ, սեկվեստորների հեռացում, տեղային հյուսվածքների պլաստիկա:
Վիրահատությունն անցել է բարեհաջող, տղամարդը գտնվում է հետվիրահատական փուլում:
Վիճակը գնահատվում է կայուն, շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ: