Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ղազարոսի հարության հիշատակի օրը
ՀասարակությունՄեծ Պահքի 41-րդ օրը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու օրացույցում Ղազարոսի հարության հիշատակի օրն է: Այս մասին տեղեկանում ենք Qahana.am-ից։
Ղազարոսի հարության մասին պատմվում է Ս. Հովհաննեսի Ավետարանում (տես Հովհ. 11:1-46): Ղազարոսը Հիսուս Քրիստոսի սիրելի ընտանիքից էր: Նա Մարիամի և Մարթայի եղբայրն էր, ով մահացավ հիվանդության պատճառով:
Քրիստոս նրան հարություն է տալիս՝ ապացուցելով, որ Ինքն է կյանքը և հարությունը: Ղազարոսի հարության մասին պատմող դրվագը գեղեցիկ վերնագիր ունի. «Եվ Հիսուս արտասվեց...»: Հրեաները, տեսնելով Հիսուսի արտասվելը, ասում են. «Տեսեք, թե ինչքան էր սիրում նրան»:
Քրիստոսի արտասվելը բոլորի հանդեպ Նրա անսահման սիրո վկայությունն է, իսկ Ղազարոսի հարությունը խորհրդանշում է նաև ննջեցյալների համընդհանուր հարությունը: