Կապահովվի հեռավար ուսուցմամբ ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու համար օրենսդրական հիմք
ՀասարակությունԿառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում ընդունել է որոշում՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգում՝ հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձավճարի փոխհատուցում հատկացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու ընթացքում հայտնաբերված խնդիրներով պայմանավորված:
Գործող կարգով՝ ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում է հատկացվում որոշակի խմբերին պատկանող ուսանողներին, ովքեր սովորում են ՀՀ-ում գործող, հավատարմագրում ունեցող և ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղեր ունեցող բուհերում առկա կամ հեռակա ուսուցման ձևերով:
Փոփոխության արդյունքում՝ կապահովվի հեռավար ուսուցմամբ սովորող ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում հատկացնելու համար օրենսդրական հիմք, ինչպես նաև առկա խնդիրների շտկումը:
Այն հնարավորություն կտա Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին մրցույթային կարգով՝ հաշվի առնելով բարձր գնահատականները, ստանալու նպաստ՝ ուսման վարձի լրիվ փոխհատուցման միջոցով: