Սեպտեմբերից «Հայոց պատմության» դասագրքերը կփոխվեն․ նախարար
ՀասարակությունՊատմության դասագրքերը վերանայվում են․ այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցի քննարկմանն ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Վերջերս ՀՀ վարչապետը նույնպես նշել է, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, ձախողել է պատմագրության դպրոց ստեղծելու հարցում՝ ըստ էության՝ արձանագրելով, որ հայ պատմագիտական միտքը մեզնում բացակայում է կամ կաղապարված է խորհրդային պատմագիտության մտքում։ Մեր պատմության դասագրքերը վերանայվելո՞ւ են»,- հարցրեց պատգամավորը:
Նախարարը, արձագանքելով նրան, նկատեց․ «Այո՛, փոխվում են, որովհետև փոխվել են չափորոշիչները։ Սեպտեմբերից դպրոցներում կլինեն նոր չափորոշիչները, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ունենանք ամբողջովին նոր դասագրքեր, պատմությունը դրանց շարքում է։ Մենք հայեցակարգի փոփոխություն ունենք, որպեսզի մեր պետության շուրջ կառուցենք մեր կրթությունը»,- ասաց Անդրեասյանը։