Մեր երկրում արդիական են մնում աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրները
ՀասարակությունՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա առթիվ:
Համաշխարհային այս տոնը կոչված է փառաբանելու աշխատանքն ու աշխատողներին, պաշտպանելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները:
Մեր երկրում շարունակում են արդիական մնալ աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, ստացված բողոքների քննությունը թույլ են տալիս արձանագրել անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների, հանգստի իրավունքի, արդար վարձատրության, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքի ապահովման ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Այս առումով հատկապես կարևոր է աշխատաշուկային կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման օրենսդրական և գործնական արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Բացի այդ, առաջնային է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ՝ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովմանն ուղղված ջանքերի շարունակականությունը։
Այս տեսանկյունից Պաշտպանը կարևոր է համարում նաև մասնավոր սեկտորում աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև աշխատողների և գործատուների շրջանում աշխատանքային իրավունքների առնչությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։
Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք և ընդգծում ՀՀ իրավասու մարմինների շարունակական գործուն քայլերի անհրաժեշտությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ»: