«Հրապարակ». Սյունիքի ՔՊ-ականները պատրաստվում են Փաշինյանի այցին
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքից ընտրված ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Դավիթ Դանիելյանի միջեւ գզվռտոց է սկսվել։ Առաջիկայում՝ ըստ ամենայնի մայիսի վերջին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիքի մարզ, այցին ընդառաջ պատգամավորներն ակտիվ շրջում են համայնքներով, հանդիպում բնակիչների, ավելի ճիշտ՝ ընտրողների հետ՝ հույս ունենալով, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներն իրենց կգովեն, վարչապետին կասեն, որ իրենց հոգսերով հետաքրքրվող պատգամավորներ կան եւ այլն։
Բանն այն է, որ մարզի տարածաշրջաններն ի սկզբանե ներքին բաժանման են ենթարկել, դիցուք` Կապանը հարակից համայնքներով Դավիթ Դանիելյանի կուրացիայի տակ է, Գորիսը` Արմեն Խաչատրյանի, Մեղրին՝ Նարեկ Ղահրամանյանի: Սակայն Դավիթ Դանիելյանը խախտել է պայմանավորվածությունը եւ վերջերս սկսել է շրջել Գորիսի համայնքներով։ Իհարկե, ՔՊ մեր աղբյուրները կատակում են, թե այնպես չէ, որ այդ այցերից սյունեցիների կյանքը փոխվում է, բայց ՔՊ-ականները կարծում են, որ սեւ փիառն էլ է փիառ, միայն թե վարչապետի մոտ իրենց անունը հնչի»: