Այս համաձայնագրերի ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ- հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի. Անահիտ Ավանեսյան
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Հնդկաստան կատարած այցի արդյունքում երկու երկրների միջև նախապատրաստվում են համաձայնագրեր, որոնց ստորագրմամբ առողջապահության ոլորտում հայ-հնդկական համագործակցության համար նոր էջ կբացվի: Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Համագործակցության մանրամասները քննարկվել են Անահիտ Ավանեսյանի և Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հանդիպմանը:
Նշվել է, որ համաձայնագրերից մեկն ուղղված կլինի դեղագործության ոլորտում Հայաստանի ներուժին, որը կարող է գրավիչ լինել հնդկական կողմի համար` նաև ԵԱՏՄ շուկա մուտք գործելու տեսանկյունից:
Երկրորդ համաձայնագիրը նախատեսվում է կնքել Հայաստանի առողջապահության նախարարության և Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության միջև` հանրային առողջության և բժշկական գիտության բնագավառում:
Քննարկվել են նաև բժշկական տուրիզմի զարգացման հնարավորությունները, փոխպատվաստման ոլորտում ծառայությունների հասանելիությունը, ինչպես նաև մասնագետների փորձի փոխանակման ծրագրերը:
«Մեր երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակը շատ բարձր է: Հուսով եմ` Ձեր առաքելությունը Հայաստանում ևս կնպաստի կոնկրետ ոլորտներում այդ ներուժի իրացմանը»,-ասել է Անահիտ Ավանեսյանը: