Եկեղեցու և կրոնի վերաբերյալ գիտելիքները կլրացվեն Հայոց պատմության դասաժամերի ընթացքում. Սերգեյ Բագրատյանը՝ ուսանողներին
Հասարակություն«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մայիսի 17-ին խորհրդարանում հյուրընկալել է Երեւանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի ուսանողներին եւ դասախոսներին:
ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորը ներկայացրել է խորհրդարանի աշխատանքը, ծանոթացրել պատգամավորների գործունեության հետ:
Ուսանողներն ուղղել են իրենց հուզող կարեւոր հարցերը, հետաքրքրվել կրթական ծրագրում փոփոխություններով: Երիտասարդների հարցերը եղել են ՀՀ ու տարածաշրջանային անվտանգության, կանանց եւ աղջիկների` ՀՀ ԶՈՒ-ում ներգրավվածության վերաբերյալ:
Ուսանողները մտահոգություն են հայտնել նաեւ կրթական համակարգից Հայոց եկեղեցու պատմության դասագրքերի հանման վերաբերյալ: Պատգամավորը նշել է, որ եկեղեցու եւ կրոնի վերաբերյալ գիտելիքները, թեկուզ ոչ առանձին առարկայի շրջանակում, անպայմանորեն կլրացվեն Հայոց պատմության դասաժամերի ընթացքում:
Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվել է ուսանողների մասնագիտական ճյուղերով, հորդորել հետագայում աշխատել եւ գործունեություն ծավալել հայրենիքում` ՀՀ-ում զարգացնելով մշակութային ոլորտը:
Նա ողջունել է ուսանողների ակտիվությունը եւ կոչ արել ապագայում նույնպես մասնակցություն ունենալ պետության կառավարման գործում: