ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրենը շրջայց է կատարել Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատում
ՀասարակությունՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը մայիսի 18-ին աշխատանքային շրջայցով եղել է Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատում։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, շրջայցի նպատակն էր տեղում ծանոթանալ հրշեջ-փրկարարական ջոկատի օրերս ավարտված վերանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել էին նախորդ տարվա պետական ծրագրով։
«Տեղում ծառայության ղեկավարը ծանոթացավ շենքային բարեկարգված պայմաններին, ավտոկայանատեղիի, աշխատակիցների հանգստյան և կապի սենյակների հագեցվածությանը, տեխնիկական զինվածությանն ու գույքային ապահովվածությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ ՓԾ տնօրենը զրուցել է ջոկատի անձնակազմի հետ, ծանոթացել հրշեջ-փրկարարական ջոկատի առօրյային ու կենցաղային պայմաններին, առկա խնդիրներին, ծառայության կազմակերպման վերաբերյալ տվել համապատասխան հանձնարարականներ: