Ի՞նչ է սպասվում մեքենաների ապակիների թաղանթները չհանած վարորդներին
ՀասարակությունԱյսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պատկան պաշտոնյաների հետ՝ քննարկելու համար ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման և լուսաթափանցելիության հետ կապված հարցերը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։
Հանձնաժողովի էջում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ընթացքում կարևորվել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ոլորտի նկատմամբ պատշաճ վերահսկողության շարունակական բարելավման անհրաժեշտությունը։
Նախարարը ներկայացրել է առկա իրավակարգավորումներն ու փաստացի իրավիճակը։
Հաշվի առնելով թաղանթապատված ապակիներով մեքենաների քանակը, խախտումը վերացնելու համար նախատեսված ժամանակի սղությունը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկան կտրուկ փոփոխելու ոչ նպատակահարմար լինելու հանգամանքը՝ պատգամավորների կողմից ներկայացվել է առաջարկ՝ ցանկալի արդյունքին հասնել հնարավորինս նվազ վարչական ներգործության միջոցներով։