Դատապարտյալը հիվանդասենյակի պատուհանից կասկածելի դեղահաբերով փաթեթ է դուրս նետել
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողները օգոստոսի 9-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, մուտք են գործել հիմնարկի հիվանդասենյակներից մեկը խուզարկություն իրականացնելու նպատակով, հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
Հիվանդասենյակում պահվող դատապարտյալ Մ. Մ-ն, նկատելով քրեակատարողական ծառայողներին, պատուհանից դուրս է նետել սպիտակ փաթեթ:
Ծառայողներն անմիջապես տեղազննել են տարածքը և հայտնաբերել սպիտակ անձեռոցիկում թաքցրած փաթեթ, որում առկա է եղել մոտ երեք տասնյակ դեղահաբ: Մասնավորապես՝ 26 հատ ամբողջական, բաց դեղնավուն դեղահաբ և 4 հատ նույն դեղահաբի կտորներ, ինչպես նաև՝ մեկական ամբողջական և ոչ ամբողջական բաց վարդագույն դեղահաբեր:
Դատապարտյալ Մ. Մ.-ն հայտարարել է, որ դեղահաբերն իրեն չեն պատկանում, նա տեղյակ չէ դրանցից, իսկ պատուհանից դուրս է նետել ոչ թե անձեռոցիկ, այլ տետրի ճմռթված թուղթ:
Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: